Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Զարմանալին մարդու գլխուղեղի վերաբերյալ

Զարմանալին մարդու գլխուղեղի վերաբերյալ

Գլխուղեղային նյութ: Իր ողջ պատմության ընթացքում մարդկությունն ուղեղն ուսումնասիրելիս լուրջ բարդությունների հետ է ընդհարվել: Եվ հին եգիպտացիները, և առաջին փիլիսոփաները, ինչպիսին Արիստոտելն էր, թերագնահատել են այն առեղծվածային նյութը, որը գտնվում է գանգատուփի մեջ:

 

Հանրահռչակ անատոմ Գալենն ուղեղին վերապահում էր շարժողական ակտիվության և խոսելու հնարավորության ղեկավարի դերը, բայց նույնիսկ նա անտեսել էր սպիտակ և գորշ նյութը, կարծելով, որ ուղեղում հիմնական աշխատանքը կատարում են հեղուկով լցված փորոքները:

 

Մարդու ուղեղը մեծ է...

 

Չափահաս մարդու գլխուղեղի զանգվածը միջինը 1,3-1,4 կգ է: Գանգատուփի մոտ 80%-ը լցված է գլխուղեղով: Մնացած 20%-ը հավասարապես բաժանված է արյան, ողնուղեղային հեղուկի, պաշտպանական նյարդային հյուսվածքի միջև: Եթե այս ամենը խառնեն իրար` գլխուղեղը, արյունն ու հեղուկը, ապա ստացված նյութի ծավալը կկազմի մոտ 1,7 լիտր:

 

Բայց այն փոքրանում է

 

Մոտ 5 հազար տարի առաջ մարդու ուղեղի ծավալն ավելի մեծ է եղել: «Ողջ աշխարհում` Եվրոպայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ստացված հնագիտական տվյալներից մեզ հայտնի է, որ գլխուղեղի ծավալը փոքրացել է մոտ 150 սմ3, նախկինում նրա ծավալը կազմում էր 1350 սմ3: Դա, կոպիտ հաշվարկով, 10 տոկոս է»,- պատմում է պալեօնտոլոգ Ջոն Հոքսը` Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանից: 

 

Հետազոտողները չգիտեն, թե ինչու է գլխուղեղի ծավալը փոքրանում, բայց ենթադրում են, որ այն զարգանում  և առավել արդյունավետ է դառնում: Կարծիք կա նաև, որ գանգատուփն է փոքրանում, քանի որ ժամանակակից մարդու այժմյան սննդակարգն առավել փափուկ սննդից է բաղկացած ու մեծ և ուժեղ ծնոտներն այլևս պետք չեն: 

 

Ինչպիսին էլ որ լինի պատճառը, գլխուղեղի չափերից անմիջականորեն կախված չէ ինտելեկտի մակարդակը, քանի որ չկան ապացույցներ, թե հին մարդիկ առավել խելացի են եղել, քան հիմա ժամանակակիցներն են: 

 

Ուղեղը էներգիայի կենտրոնացումն է

 

Ժամանակակից մարդու գլխուղեղը ծայրահեղ էներգատար է: Նրա ծավալը կազմում է  մարմնի ծավալի մոտ 2%-ը, բայց, դրա հետ մեկտեղ, այն օգտագործում է արյան մեջ եղած թթվածնի մոտ 20%-ը և գլյուկոզայի 25%-ը:  

 

Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել  պարզել, թե ինչն է էներգիայի աղբյուր հանդիսացել խոշոր գլխուղեղի զարգացման համար: Շատ հետազոտողներ պնդում են, որ նման աղբյուր եղել է միսը, բերելով նախնադարյան մարդկանց որսորդական հմտությունների օրինակը: Մասնագետների մեկ այլ խումբ էլ կարծում է, որ միսն այնքան էլ հուսալի աղբյուր չի եղել: 2007թվին կատարված հետազոտություններն ապացուցեցին, որ ժամանակակից շիմպանզեները կարողանում են սավաննայում փորել հանել կալորիաներով հարուստ արմատապտուղները: Հնարավոր է, նախնադարյան մարդիկ էլ են նույն բանն արել, գլխուղեղի էներգիան ապահովելով բուսական սննդով: 

 

Իսկ ինչ վերաբերում է գլխուղեղի գնդաձև լինելուն, ապա սրա վերաբերյալ երեք հիմնական վարկած կա` կլիմայի փոփոխությունը, էկոլոգիայի պահանջները և սոցիալական մրցակցությունը:

 

Ուղեղի ծալքերը մարդուն խելացի են դարձնում 

 

Եվ որն է մարդու տեսակի ինտելեկտի գաղտնիքը: Պատասխանը կարող է լինել` ուղեղի ծալքերը: Մարդու գլխուղեղի մակերեսը, որն անվանվում է մեծ կիսագնդերի կեղև, ծածկված է բազմաթիվ գալարներով ու ակոսներով և հագեցած է մոտ 100 միլիարդ նեյրոններով` նյարդային բջիջներով: Նման մակերեսը հնարավորություն է տալիս ծավալով մեծ, համապատասխանաբար շատ էներգիա պահանջող գլխուղեղին տեղավորվել ոչ մեծ գանգատուփում:  Մեր ազգական-պրիմատների ուղեղի գալարների քանակը տարբեր է, այնպես, ինչպես մյուս բանական կենդանիներինը, օրինակ, փղինը: Բացի դրանից, հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դելֆինների ուղեղի գալարները նույնսիկ առավել արտահայտված են, քան մարդկանց մոտ:  

 

Մեր ազգական-պրիմատների ուղեղի գալարների քանակը տարբեր է, ինչպես և այլ բանական կենդանիների մոտ, ինչպիսին փիղն է: Բացի դրանից, հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի գալարները դելֆինների մոտ նույնիսկ ավելի արտահայտված են, քան մարդկանց մոտ: 

 

Գլխուղեղի բջիջների մեծ մասը նեյրոններ են

 

Այն կարծիքը, թե մենք օգտագործում ենք մեր գլխուղեղի հնարավորության միայն 10%-ը, ճիշտ չէ, դրա փոխարեն հաստատ կարող ենք ասել, որ նեյրոնները կազմում են գլխուղեղի բոլոր բջիջների միայն 10%-ը:  

 

Մնացած 90%-ը, որը գլխուղեղի ողջ զանգվածի մոտ կեսն է կազմում, կոչվում է նեյրոգլիա կամ գլիա, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «սոսինձ»: Նյարդաբանները նախկինում կարծում էին, թե նեյրոգլիան պարզապես կպչուն նյութ է, որը պահում է նեյրոնները: Բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա դերը շատ ավելի կարևոր է: Այդ քիչ նկատելի բջիջները մաքրում են ավելորդ նեյրոմեդիատորները, ապահովում են իմունային պաշտպանությունը, ինչպես նաև նպաստում են սինապսների (նեյրոնների միջև միացություններին) աճին և գործառույթներին: Պարզվում է պասիվ մեծամասնությունը այնքան էլ պասիվ չէ: 

 

Գլխուղեղը ընտրյալների տեղն է

 

Գլխուղեղի արյան համակարգի բջիջները, որոնք կոչվում են հեմատոէնցեֆալիկ պատնեշ, աշխատում են պահապանների պես, միայն որոշ մոլեկուլների են թույլ տալիս հասնել ՙսրբությունների սրբոց՚ նյարդային համակարգին` գլխուղեղին: Մազանոթները, որոնք գլխուղեղի մատակարարներն են, դասավորված են սերտորեն կապված բջիջներով, որոնք պահում են խոշոր մոլեկուլներին: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի հատուկ սպիտակուցներն անհրաժեշտ սննդարար նյութերը փոխանցում են գլխուղեղ: Եվ միայն ընտրյալներն են «ներսում հայտնվում»:

 

Հեմատոէնցեֆալիկ պատնեշը պաշտպանում է գլխուղեղը, բայց այն կարող է նաև թույլ չտալ թափանցել կյանքը փրկող դեղամիջոցներին: Բժիշկները, ովքեր գլխուղեղի ուռուցքների բուժման միջոցներ են որոնում, կարող են դեղամիջոցների օգնությամբ բջիջների միջև եղած կապը բացել, բայց դա էլ գլխուղեղը կարող է ժամանակավորապես խոցելի դարձնել ինֆեկցիաների հանդեպ: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով դեղամիջոցը տեղ հասցնելու հիանալի միջոց կարող են դառնալ նանոտեխնոլոգիաները: Հատուկ մշակված նանոմասնիկները կարող են թափանցնել պատեշի միջով և կպնել ուռուցքի հյուսվածքին: Ապագայում նանոմասնիկների և քիմիաթերապիայի համադրությունը կարող է ուռուցքների ոչնչացման միջոց դառնալ: 

 

Գլխուղեղը սաղմնավորվում է խողովակի ձևով

 

Գլխուղեղի սաղմնավորումը վաղ է տեղի ունենում: Բեղմնավորումից երեք շաբաթ հետո սաղմնային բջիջների շերտը, որը կոչվում է «նյարդային պլաստինկա», ոլորվում և ուղեղային խողովակ է դառնում: Այդ հյուսվածքն էլ կենտրոնական նյարդային համակարգն է ձևավորում:

 

Գլխուղեղային խողովակը աճում և ձևափոխվում է առաջին երեք ամիսների ընթացքում (երբ բջիջները ձևափոխվում են, դառնում են տարբեր հատուկ հյուսվածքներ, որոնք անհրաժեշտ են մարմնի մասերի ստեղծման համար): Նեյրոգլիան և նեյրոնները սկսում են ձևավորվել երկրորդ եռամսյակի ընթացքում: Գալարներն ավելի ուշ են ձևավորվում: 24-րդ շաբաթում մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունը ցույց է տալիս  միայն մի քանի ձևավորված գալարներ, սաղմնային ուղեղի մակերեսը հիմնակում հարթ է լինում: Երրորդ եռամսյակի սկզբին, 26-րդ շաբաթում գալարները խորանում են և գլխուղեղն արդեն նորածնի գլխուղեղի տեսքն է ստանում:

  

Դեռահասի գլխուղեղը լիովին ձևավորված չէ

 

Համառ դեռահասների ծնողները կարող են ուրախանալ, կամ, նվազագույնը, թեթևացած շունչ քաշել. դեռահասային վարքագծի թերությունները մասամբ կապված են գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների հետ: 

 

Գլխուղեղի գորշ նյութի ձևավորման գագաթնակետը լինում է սեռական հասունացման սկզբում, ավելորդ մասերը ոչնչանում են պուբերտատային ժամանակահատվածում, իսկ ամենանշանակալի փոփոխությունները տեղի են ունենում ճակատային հատվածում, լրջամտության և որոշումներ ընդունելու հատվածում:

 

Բազմաթիվ խնդիրների համար պատասխանատու գլխուղեղի հատվածները լիովին ձևավորվում են միայն 16-17 տարեկանում: Գիտնականները նաև ապացուցել են, որ դեռահասների մոտ հիմնավորված է նյարդային մակարդակի վրա եսասիրությունը: Կատարելով արարքներ, որոնք ազդում են ուրիշների վրա, դեռահասները մեծահասակներից հազվադեպ են օգտագործում գլխուղեղի նախաճակատային կեղևը, իսկ այդ հատվածը կապված է կարեկցանքի և մեղավորության զգացման հետ: Գիտնականների խոսքերով, դեռահասները կարեկցել սովորում են սոցիալիզացիայի միջոցով: Դա լիովին արդարացնում է մինչև 20 տարեկանը նրանց եսասիրությունը: 

 

Գլխուղեղը մշտապես փոփոխվում է

 

ժամանակին գիտնականները հայտարարեցին, որ երբ մարդը չափահաս է դառնում, նրա ուղեղը նոր նյարդային կապեր ձևավորելու ընդունակությունը կորցնում է: Կարծիք կա, որ այդ ընդունակությունը, որն անվանում են «հարմարվողականություն», կապված է մանկության և պատանեկության հետ: 

 

Դա ճիշտ չէ: Կատարված մի շարք  հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ չափահաս մարդկանց մոտ նեյրոնների միջև նոր կապեր են  ստեղծվում: Միևնույն ժամանակ, մեդիտացիայի ուսումնասիրությունը թույլ տվեց ապացուցել, որ մտավոր ակտիվ գործունեությունը կարող է փոխել գլխուղեղի և կառուցվածքը, և գործառնությունը:

 

Կանայք Լուսնից չեն ընկել

 

Կարծիք կա, որ տղամարդիկ և կանայք գլխուղեղի տարբեր կառուցվածք ունեն: Ճիշտ է, տղամարդկային և կանացի հորմոնները տարբեր կերպ են ազդում գլխուղեղի զարգացման վրա, որի հետևանքով նրանք տարբեր կերպ են զգում ցավը, որոշումներ ընդունում և հաղթահարում սթրեսները: 

 

Բայց, մեծ մասամբ,  տղամարդու և կնոջ գլխուղեղները (և ընդունակությունները) միանման են: 

Տարբերությունների մասին առասպելները կարող են միայն հնչեղ վերնագրերով գրքերի նյութ ծառայել, իսկ նյարդաբանությունում ամեն ինչ շատ ավելի պարզ է:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ